Տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Այս մասին հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Տարածաշրջանում նոր լարվածության առաջացումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար վնասակար է: Մենք համոզված ենք, որ պատերազմը մեծապես կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը, ուստի կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի թույլ չտան, որ լարվածություն առաջանա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի Մեջլիսի նախագահը, գրում է Panorama.am-ը:
Մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել էր նաև արցախյան հիմնախնդիրը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս առնչությամբ հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգել։ Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն կհաստատվի»: