14 մարտի 2017 - 10:21 AMT
Լապշինի փաստաբանը Բաքվում հանդիպել է իր պաշտպանյալի հետ

Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, հաղորդում է APA.az-ը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Լապշինի մտերիմները կհանդիպեն նրա հետ։

«Լապշինը հարցնում է, թե երբ է ավարտվելու քննությունը և երբ է գործն ուղարկվելու դատարան: Կամ տոների ժամանակ, կամ դրանից հետո նրա մայրը և այլ մտերիմներ կկարողանան հանդիպել նրա հետ»,- ասել է փաստաբանը:

Չերնինը նշել է, որ քննության ավարտի ժամկետը դեռ հայտնի չէ:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգ է հրապարակվել: