14 մարտի 2017 - 13:12 AMT
ԱԳՆ. ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը շուտով կմեկնարկի

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում: Independent Balkan News Agency լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հույս հայտնելով, որ ակնկալում են բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս գործընկերների աջակցությունն այդ հարցում:

«ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,-ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած խնդիրների վերաբերյալ հարցին, Կարեն Նազարյանը նշել է. «Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար»:

Փոխնախարարի խոսքով, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ, գրում է Panorama.am-ը:

«Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։