4 հոկտեմբերի 2007 - 17:00 AMT
Հրադադարի խախտման մասին հայտարարություններով Բաքուն փորձում է ցուցադրել, որ Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե «սառած է», այլ «թեժ»
Հրադադարի խախտման մասին հայտարարություններով Բաքուն փորձում է ցուցադրել, որ Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե «սառած է», այլ «թեժ»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նա նաեւ չի բացառել, որ Բաքուն նման հայտարարություններով ընդհանուր ֆոն է ստեղծում առավել իրական սրում սկսելու համար: Նրա խոսքերով, հրադադարի խախտման մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ես վերջերս եղել եմ արեւելյան Տիգրանակերտի պեղումներին (Աղդամի ուղղություն- խմբ.), որը գտնվում է զինված ուժերի շփման գծի մոտ, ամեն ինչ հանգիստ է, հրադադարը արդյունավետ է աշխատում, կան, իհարկե, առանձին դեպքեր, սակայն դրանք դուրս չեն մնում ընդհանուր համատեքստից, որն ընթանում է վերջին 13 տարում»,- նկատել է նա:

Մեկնաբանելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը` Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների համատեքստում` Հովհաննիսյանը նկատել է, որ ադրբեջանցի ղեկավարների տոնայնության վրա ազդում է նավթադոլարների գործոնը: «Ամենայն հավանականությամբ, նրանք չեն գիտակցում, որ ագրեսիայի ցանկացած փորձ կհանգեցնի նավթադոլարների հոսքի կտրուկ դադարեցման, քանի որ առաջինը, որ կոչնչացվի ադրբեջանական ագրեսիային պատասխանելիս, նավթային հզորություններն են»,- նկատել է փոխխոսնակը: Նա հավելել է, որ «դա կոչնչացվի ակնթարթորեն, այդ պատճառով ադրբեջանական կողմը պետք է մտածի` արդյոք պետք է սղոցել ճյուղը, որի վրա նստած ես»,- հաղորդում է Regnum-ը: