5 հոկտեմբերի 2007 - 15:03 AMT
Ռ.Քոչարյանը մեկնում է Դուշանբե ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմեկնի Դուշանբե` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Միխայել Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:
ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը: Քննարկման գլխավոր հարցը կդառնա ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը:
ՀԱՊԿ ղեկավարների նեղ շրջանակով նիստի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակություն 2007թ. երկրորդ եւ 2008թ. առաջին կիսամյակներում Կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի նիստի քննարկմանը, ապա նաեւ ստորագրմանը կներկայացվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտներում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան:
Տաջիկստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերի աշխատանքին: