5 հոկտեմբերի 2007 - 15:25 AMT
ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2008 թվականին Հայաստանի մայրաքաղաքում
Հոկտեմների 4-ին Դուշանբեում անցկացվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները, Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Նիստի նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ միջպետական ակտերի ու Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների անդամ պետություններում իրագործման աշխատանքների ընթացքը: Նիստի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ գործունեության առաջնային ուղղությունները, անօրինական միգրացիային հակազդեցության ուժեղացման եւ արտակարգ իրավիճակներում փոխգործակցության խորացման նպատակով կազմակերպության կառուցվածքային կատարելագործման հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համադրման մեխանիզմի կատարելագործման հարցը:
Պատվիրակությունների ղեկավարները հավանություն են տվել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մեխանիզմի նորմատիվ եւ կազմակերպական ձեւավորմանը եւ ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին արձանագրության նախագծին:
Նիստին ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Նա, մասնավորապես, անդրադարձել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, կարեւորել միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Որոշում է ընդունվել ՀԱՊԿ ԱԳՆԽ հաջորդ նիստն անցկացնել 2008թ. Երեւանում: