5 հոկտեմբերի 2007 - 19:26 AMT
Բաքուն արգելել է ադրբեջանցի երաժիշտներին ելույթ ունենալ ԵԽ-ում
Հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Եվրոպայի խորհրդում կայացել է Կովկասյան կամերային նվագախմբի համերգը: Համերգը, որին մասնակցում էին երաժիշտներ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից, կազմակերպվել էր ԵԽԽՎ Հարավային Կովկասում անհայտ կորածների հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի եւ Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարի Իսլեր Բեգենի կողմից` ԵԽ-ում Հայաստանի եւ Վրաստանի մշտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Համերգի կազմակերպման նպատակն էր ցույց տալ, որ երաժշտությունը համամարդկային արժեք է, որը միավորում է ժողովուրդներին եւ հանդիսանում է խաղաղության խորհրդանիշ Կովկասյան տարածաշրջանում:
Կազմակերպիչները դիմել էին նաեւ Ադրբեջանին` նախաձեռնությանը մասնակցության առաջարկով, սակայն Ադրբեջանի իշխանությունները չցուցաբերեցին քաղաքական աջակցություն եւ իրենց երաժիշտը չմասնակցեց համերգին: Բացման խոսքով հանդես է եկել Լեո Պլատվոյետը, ով շնորհակալություն է հայտնել ԵԽ-ում Հայաստանի եւ Վրաստանի մշտական ներկայացուցչություններին այս խորհրդանշական նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ եւ ափսոսանք հայտնել Ադրբեջանի մասնակիցների բացակայության համար: ԵԽԽՎ նախագահ Ռեն Վան դեր Լինդենը, ելույթում կարեւորելով նախաձեռնության իրականացումը Եվրոպայի խորհրդում, հույս հայտնեց, որ մյուս անգամ Ադրբեջանի երաժիշտները հնարավորություն կունենան մասնակցելու նման կարեւոր նախաձեռնություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: