5 հոկտեմբերի 2007 - 19:50 AMT
Հոկտեմբերի 7-ին Հայաստան է ժամանելու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը
Թոմաս Համմարբերգը` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, հոկտեմբերի 7-ին, կսկսի 5-օրյա բարձրաստիճան պաշտոնական այցը Հայաստան` երկրում մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու առաքելությամբ: Ինչպես հաղորդում է ԵԽ երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Թ. Համմարբերգի օրակարգի կենտրոնում կլինի մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ներառյալ դատական մարմինների աշխատանքը, կալանավայրերի պայմանները, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները, համոզմունքների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվողները, գաղթականների իրավունքները, սոցիալական եւ տնտեսական իրավունքները: Այցը կկենտրոնանա նաեւ մարդկանց թրաֆիկինգին եւ խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցերին: Հանձնակատար Համմարբերգը Երեւանում եւ Գյումրիում կայցելի տարբեր ոստիկանական բաժանմունքներ, կալանավայրեր, ապաստարաններ եւ հոգեբուժական հաստատություններ:
Այցի ընթացքում Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում նաեւ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ Նախագահ Տիգրան Թորոսյանի: Նա նաեւ կհանդիպի խորհրդարանի անդամներին, Սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների նախագահներին, Մարդու իրավունքների պաշտպանին, տեղական իշխանություններին, Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: