
Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում:
Այս մասին հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ հանդիպմանը:
«Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով»,- ասել է կաթողիկոսը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ վեհափառի խոսքով, Հայ եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր ուժերի չափով աջակցում է հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին:
«Մեր եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի մեր ժողովուրդն Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը և անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաև՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը»,- մասնավորապես նշել է Գարեգին Բ-ն:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը: