2017-ի օպերատիվ տվյալներով հունվար-փետրվարին պետական բյուջեի ցուցանիշները համահունչ են եղել ընթացիկ տնտեսական զարգացումներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համահունչ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2% աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7% աճով», - ասել է Արամյանը, հայտնում է Aysor.am-ը։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական վիճակագրական տվյալների համաձայն, 2017-ին, նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,2 տոկոսով:
Նրա խոսքով՝ հարկային եկամուտների աճը պայմանավորվել է ՀՆԱ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական և բնօգտագործման վճարների՝ համապատասխանբար 12.2%, 14.5% և 2.7 անգամ աճի հաշվին։
«Ընդ որում, հարկերի աճին նպաստել են թե՛ տեղական հարկերը, թե՛ ներմուծման հարկերը», - ասել է նա։ Վարդան Արամյանը նշել է, որ պետական բյուջեի ծախսերի աճը հունվար-փետրվարին զիջել է եկամուտների աճին։
«Պետական բյուջեի ծախսերի աճը կազմել է 1.6 տոկոս, որի արդյունքում ձևավորվել է 0.6 միլիարդ դրամ ավելցուկ», - ասել է Արամյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ 2017-ին նախորդ տարվանից սկիզբ առած գնանկման միտումները, պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, թուլանում են։
«Տասներկուամսյա ՍԳԻ-ն նվազել է 0.2 տոկոսով, որին դրական են նպաստել սննդամթերքի (3.7%) և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի (1.6%) ցուցանիշները, բացասական են նպաստել ոչ պարենային ապրանքների (-3.5%) և ծառայությունների խմբերը», - ասել է նախարարը։
Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՍԳԻ-ն աճել է 1.7 տոկոսով։
«ՍԳԻ-ին դրական են նպաստել սննդամթերքի (6%) և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի (0.3%) ցուցանիշները, բացասական են նպաստել ոչ պարենային ապրանքների (-1.2%) և ծառայությունների (-1.6%) խմբերը», - հավելել է Վարդան Արամյանը։
Տնտեսական ակտիվության աճը հաշվետու ժամանակահատվածում ապահովել են չորս ոլորտ` արդյունաբերությունը, գյուղատնտեսական արտադրությունը, առևտրի և ծառայությունների ոլորտները: