10 հոկտեմբերի 2007 - 19:26 AMT
Հայաստանը չի դադարում կրկնել, որ տարածքային պահանջներ չի ներկայացնում իր հարեւաններին
«Հայաստանը տարածքային պահանջներ չի ներկայացնում իր հարեւաններին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը հաստատվել է 1921 թվականի Կարսի պայմանագրով: Քանի որ այդ պայմանագիրը չի հերքվել եւ չի մերժվել ԽՍՀՄ փլուզումից հետո, ապա այն համարվում է հիմնարար երկու երկրների միջեւ սահմանի հարցում»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանի Արտաքին կապերի կոմիտեի նիստում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ հիշեցրել է, որ Թուրքիան որպես նախապայման պահանջում է հրաժարվել «Հայոց ցեղասպանություն կատարելու մեղադրանքներից»: «Թուրքիայի երկրորդ նախապայմանը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչն անթույլատրելի է, քանի որ այդ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է»,-ասել է Վ.Օսկանյանը: