10 հոկտեմբերի 2007 - 20:04 AMT
Բաղդադում ավստրալական ընկերության պահակախմբի անդամները հայազգի երկու կանանց են սպանել
Ավստրալական մասնավոր պահպանական Unity Resources Group (URG) ընկերության պահակախմբի կողմից սպանված կանայք հայուհիներ էին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմում, զոհվածները եղել են Մարո Հովհաննեսը եւ Ինեսա Գասպարյանը:
Զինված պահակախումբը ուղեկցում էր ոչ կառավարական կազմակերպության չորս ավտոմեքենաները, որոնք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կապալառու է եւ զբաղվում է Իրաքում օբյեկտների վերակառուցմամբ: Unity Resources Group (URG) ընկերության ղեկավար Մայքլ Փրիդդինի խոսքերով, շարասյանը մեծ արագությամբ ավոտմքենա է սկսել մոտենալ, որի վարորդը չի արձագանքել կանգնելու պահանջներին, այդ թվում նախազգուշական կրակոցներին: Այն ժամանակ պահակայինները կրակ են բացել: Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչ Աբդուլ Քարիկ Խալիֆը հայտարարել է, որ մեքենայում եղել են երկու քրիստոնյա կանայք: Ընդամենը նրանց վրա արձակվել է 19 գնդակ: URG-n եւ Իրաքի ԱԳՆ-ն սկսել են միջադեպի քննությունը: Ստուգման արդյունքում ընկերությունը որոշում կկայացնի զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարելու եւ մեղավորներին պատժելու մասին, հաղորդում է Լենտա.ռո
Հիշեցնենք, որ Իրաքում գնալով բորբոքվում է Blackwater ընկերության պահակայինների գործողությունների հետ կապված սկանդալը: Սեպտեմբերի 16-ին նրանք կրակ էին բացել խաղաղ իրաքցիների վրա, սպանելով, կառավարական հանձնաժողովի տվյալներով, 17 մարդ: Երկրի իշխանությունները պահանջում են սպանվածների հարազատներին վճարել 136 մլն դոլար փոխհատուցում, սպառնալով այդ ընկերության աշխատակիցներին դատական հետապնդմամբ: