11 հոկտեմբերի 2007 - 14:21 AMT
Աբդուլլահ Գյուլը «դատապարտել է» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «դատապարտել է» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի որոշումը, բնութագրելով այն որպես «անընդունելի»:
Նրա խոսքերով, «որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ չանսացին սթափ բանականության կոչերին եւ մեծ հարցերը զոհաբերում են հանուն փոքր խաղերի»: Նա նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չի կարող պատասխանել ամերիկացիների շահերին, հաղորդում է PressTV.ir:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, ուղարկեց այն Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար: Բացելով նիստը, հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը կոչ է արել կոնգրեսականներին «քվեարկել ըստ խղճի»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւն ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Նման բանաձեւերը չեն դրվում Սենատի հաստատմանը եւ չեն ստորագրվում նախագահի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել 106-րդ բանաձեւի ընդունմանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես նամակ էր հղել Բուշին` «սպառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացմամբ»: