13 հոկտեմբերի 2007 - 15:08 AMT
Բաքուն «խորհուրդ է տալիս» Ներկայացուցիչների պալատին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտում է այդ որոշումը որպես սխալ եւ սուբյեկտիվ եւ գտնում է, որ այդ բանաձեւը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանային եւ աշխարհում ընթացող գլոբալ զարգացումների վրա:
Ադրբեջանը հավանություն է տալիս Թուրքիայի` աշխարհի այդ մասում Առաջին աշխարհամարտի տարիներին կատարված ողբերգությանն առնչվող արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելու կոչին: Անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր մանրամասները որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ներկայացուցիչների պալատին ձեռնպահ մնալ 106-րդ բանաձեւի ընդունումից, ցույց տալու համար ԱՄՆ Կոնգրեսի անաչառությունն ու նրա ազատ լինելը էթնիկ լոբբիների ճնշումից», հաղորդում է Day.az-ը: