15 հոկտեմբերի 2007 - 15:37 AMT
Հոկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի ամենամյա նիստը
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Բրյուսել, որտեղ նա կմասնակցի Եվրոպահայերի 2-րդ համագումարին, որտեղ նշվելու է նաեւ Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 20-ամյակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը:
Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարարը կգլխավորի ՀՀ պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կայանալիք Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի ամենամյա նիստին: Խորհրդի նիստը նախագահելու է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մանուիլ Լոբո Անտունեսը: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը` որպես ԵՄ-ի Խորհրդի հաջորդ նախագահող երկիր, ԵՄ Խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան եւ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները::
Հոկտեմբերի 17-ին նախարար Օսկանյանը Փարիզում ելույթով հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում: