15 հոկտեմբերի 2007 - 20:17 AMT
2008 թվականի մարտին ՀՀԿ-ն միջազգային խորհրդաժողով կկազմակերպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման թեմայով
2008 թվականի մարտին ՀՀԿ-ն միջազգային խորհրդաժողով կկազմակերպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, պատրաստվում է եռահատոր հրատարակություն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: «Եռահատորյակի մեջ կընդգրկվեն ռուսական եւ ադրբեջանական արխիվներից վերցված փաստաթղթեր: Այնտեղ կարտացոլվի ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու վերլուծությունը եւ իրավաբանների եզրակացությունները»,-նշել է Աբրահամյանը:
Ա.Աբրահամյանը ասել է նաեւ, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը մտադիր է մի շարք ծրագրեր իրագործել ԼՂՀ-ում: «Նախօրեին մենք հանդիպեցինք ԼՂՀ ղեկավարության հետ եւ մի շարք ծրագրեր ներկայացրեցինք կրթության, առողջապահության, գյուղական համայնքների զարգացման եւ զինծառայողներին բնակարաններով ապահովելու ոլորտներում: ԼՂՀ-ում շուրջ 2 հազար զինծառայողներ բնակարանի կարիք ունի, նրանց թվում կան նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներ: Մենք պայմանավորվեցինք, որ ՀՀԿ-ն կմասնակցի մի թաղամասի կառուցմանը: ՀՀԿ-ի պատվիրակությունը ծանոթացավ նաեւ Ստեփանակերտում վեց դպրոցների կառուցման աշխատանքներին, որոնց նախնական արժեքը կազմում է 700 մլն դրամ»,-ասել է ՀՀԿ նախագահը: