16 հոկտեմբերի 2007 - 18:25 AMT
Իրաքի քրդեր. «Հայերը հաղթում են, մենք վճարում ենք»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խնդրում է, որպեսզի խորհրդարանը այդ շաբաթ միաձայն հավանություն տա Հյուսիսային Իրաք ներխուժմանը Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) դեմ գործողությունների համար: Հարձակումը կդառնա ամենալուրջ մարտահրավերը Իրաքին 2003 թվականից ի վեր, երբ տապալվեց Սադամ Հուսեյինի իշխանությունը, եւ մահացու վտանգի կենթարկի Իրաքում ամերիկյան առաքելության հաջողությունը: Այդ մասին The Washington Post թերթում գրում է Իրաքի Քրդական շրջանի արտաքին գործերի բաժանմունքի ղեկավար Ֆալախ Մուստաֆա Բակիրը: Նրա խոսքերով, Իրաքի Քրդական շրջանը ամենաանվտանգն ու կայունն է, սակայն նա կարող է շատ վճարել Թուրքիայում PPK գործողությունների, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման համար: «Այդ հարցերից ոչ մեկը չի վերաբերում Իրաքի քրդերին կամ շրջանի կառավարությանը: Մենք Թուրքիայի հետ հակամարտություն չենք փնտրում, ընդհակառակը, մենք Անկարայի հետ բարեկամական հարաբերությունները գլխավորն ենք համարում: Ներդրումներն ու Թուրքիայի հետ առեւտրական հարաբերությունները աջակցում են շրջանի տնտեսական աճին: Մենք շահագրգռված ենք ավելի սերտ կապերում եւ Անկարայի հետ ուղղակի երկխոսության մեջ: Ցանկացած խնդիր կամ տարաձայնություն պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհներով եւ բանակցություններով, այլ ոչ թե ռազմական սպառնալիքներով»,- ասել է Բակիրը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ քրդերը դատապարտում են անմեղ մարդկանց սպանությունը եւ չեն գտնում, որ բռնությունը երբեւէ խնդիր է կարգավորել: «Քրդական կառավարությունը աջակցել է ամերիկյան միջնորդական գործունեությունը Իրաքի եւ Թուրքիայի հետ PKK-ի հարցով: Իրաքի քրդերին պետք չէ Թուրքիայի կամ մեր գործընկերներից ցանկացածի ապակայունացում: Մենք հարգում ու կիրառում ենք ուրիշների գործերին չխառնվելու սկզբունքը, եւ սպասում ենք նույն վերաբերմունքին»,- ասվում է The Washington Post-ի հոդվածում: