16 հոկտեմբերի 2007 - 22:04 AMT
Պլատինի. ՈՒԵՖԱ-ն լուրջ սխալ է թույլ տվել, ընդգրկելով Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները մեկ խմբում
Այսօր, հոկտեմբերի 16-ին, Երեւանում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որին մասնակցել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպա Բլատերը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Պլատինին, պատասխանելով 2008 թվականի Աշխարհի առաջնության Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ կայանալիք ընտրական խաղերը չեղյալ հայտարարելու որոշման մասին հարցին, անուղղակիորեն մեղադրել է իր նախորդ Լեննարտ Յուհանսոնին, որը, լինելով ՈՒԵՖԱ-ի նախագահ, միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին տարբեր խմբերում ընդգրկելու ուղղությամբ: «Իրականում իրավիճակը շատ պարզ է. երկու տարի առաջ ՈՒԵՖԱ-ն լուրջ սխալ է թույլ տվել, երկու հակամարտող երկրների հավաքականներն ընդգրկելով մեկ խմբում: Շատ ավելի դյուրին կլիներ տարբեր խմբերում ընդգրկել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Սեպտեմբերին, երբ ես դարձա ՈՒԵՖԱ-ի նախագահ, Հայաստան-Ադրբեջան խաղերի անցկացման խնդիրը դեռեւս լուծված չէր: Այդ կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ստիպված էր դիմել փորձագետներին, որոնք, գնահատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խորհուրդ տվեցին չանցկացնել այդ խաղերը: Հնարավոր է, դա լավագույն լուծումը չէր երկու թիմերի համար: Ուղղակի մենք առաջնորդվեցինք փորձագետների խորհուրդով: Ինչո՞ւ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները զրո միավոր ստացան: Որովհետեւ, զրո խաղ` համապատասխանաբար զրո միավոր»,-ասել է Միշել Պլատինին:

Պլատինիի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների նույն խմբում հայտնվելուց խուսափելու համար ՈՒԵՖԱ-ն խորհուրդ է տվել ՖԻՖԱ-ին, որպեսզի Ֆուտբոլային գերագույն մարմինը 2010-Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի համար նոյեմբերին կայանալիք վիճակահանության ժամանակ զետեղի երկու հավաքականներին նույն զամբյուղում, ինչը կզրկի նրանց նույն խմբում հայտնվելու հնարավորությունից: Պլատինիի այդ հայտարարությանը հետեւեց միանգամայն տրամաբանական հարց, որի էությունն այն է, որ Հայաստանի հավաքականը, որը վերջերս լավ արդյունքներ է ցույց տալիս եւ բարելավում է իր ցուցանիշները ՖԻՖԱ-ի վարկանիշով, կարող է հայտնվել այլ, առավել ուժեղների զամբյուղում: «Այդ հարցը կվերահսկվի ՖԻՖԱ-ի կողմից,-խոսք վերցերց ՖԻՖԱ-ի նախագահ Բլատտերը:-Մենք այնպես կանենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր զամբյուղներում հայտնվեն: Վստահեք ինձ, ես 1972 թվականից ի վեր վիճակահանություն եմ անցկացնում եւ գիտեմ, թե ինչպես դա կարելի է անել»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: