Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մոտ 2000 ըտնտրատեղամասից 1500-ում տեղադրված տեսախցիկների մեծ մասը չի գործում: Նախապես հաղորդվում էր, որ ընտրատեղամասերի տեսախցիկները պետք է ուղիղ հեռարձակում ապահովում, սակայն հեռարձակումը հիմնականում հասանելի չէ:
Երևանում վարկանիշային սկզբունքով առաջադրված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Բուլանիկյանն ահազանգել է, որ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի գրեթե բոլոր տեղամասերում չեն գործում տեսախցիկները։
«Բոլոր այն տեղամասերում, որտեղ ես վստահված անձինք ունեմ, ոչ մի տեղամասում օնլայն հեռարձակում չկա։ Կենտրոնում 110 տեղամաս կա, հատուկենտ տեղամասեր կան, որ ունեն: Իրենք պատճառաբանում են, որ Ucom-ի խնդիրն է համապետական։ Իբր ծանրաբեռնված է, բայց իրենք պարտավոր էին, չէ՞, ապահովել այդ կապը օնլայն», - ասել է Բուլանիկյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ucom ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանը, միևնույն ժամանակ, պարզաբանել է, որ ընտրատեղամասերում ընկերության ցանցն աշխատում է անխափան և տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին Ucom-ի 250 աշխատակից ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։
Մնացականյանն ընդգծել է, որ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես և այլ տեխնիկական հարցերը դուրս են Ucom ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից:
Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվել է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։1500 տեղամասում տեղադրվել է 1-ական տեսախցիկ, մինչդեռ նախկինում քննարկվում էր 2 տեսախցիկ տեղադրելու հարցը։