4 ապրիլի 2017 - 11:25 AMT
Դամասկոս. Թուրքիայի նոր գործողությունը Սիրիայում «աղաղակող ագրեսիա» կլինի

Սիրիայի դեմ նոր գործողություն սկսելու Անկարայի պլանները, ինչպես նաև թուրքական զորքերի ներկայությունը Սիրիայում, Դամասկոսն աղաղակող ագրեսիա է համարում Սիրիայի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, ավարտելով «Եփրատի վահան» գործողությունը, նոր գործություն է պատրաստում Սիրիայում:

«Անկախ նրանից ավարտվել է առաջին գործողությունը, թե չի ավարտվել, եթե Էրդողանը նոր գործություն է մտադիր սկսել, ապա մենք հենց սկզբից թուրքական զորքերի ներկայությունը օկուպացիա ենք համարել: Դա աղաղակող ագրեսիա է մեր երկրի ինքնիշխանության դեմ»,-ասել է Հադդադը:

«Եվ մեր վերաբերմունքը թուրքական զորքերի ներկայությանը մեր տարածքում չի փոխվի նույնիսկ, եթե երկրորդ գործողություն սկսվի»,-ասել է դեսպանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում հաջողությամբ ավարտվել է: Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: