4 ապրիլի 2017 - 18:20 AMT
ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ մատնահետքերի համեմատական վերլուծության պահանջով

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:

«2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574. 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: Ստացվել են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ տեղի են ունեցել են հին, հնամաշ, վերակազմված և ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ:

Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեև փաստացի շուրջ 1500 տեղամասում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաև առցանց տեսահեռարձակում: Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձևավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում»,- ասված է դաշնակցության դիմումի մեջ:

Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ դաշինքը պահանջում է ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության և մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրքնաքվեարկության իրականացման կասկածները:

Ավելի վաղ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարություն է տարածել ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ «Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ հետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն:

Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ», - ասված է հաղորդագրությունում: