5 ապրիլի 2017 - 17:26 AMT
Որքան են ծախսել ՀՀ քաղաքական ուժերն ԱԺ ընտրությունների քարոզարշավի վրա

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.974.072 դրամ:

ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ քարոզարշավային ծախսերի ծավալով երկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը՝ 155.209.690 դրամ, երրորդ տեղում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 88.769.166 դրամ:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ծախսել է 74.718.463 դրամ, Հայկական վերածնունդ կուսակցությունը քարոզարշավին ծախսել է 72.314.026 դրամ:

ԵԼՔ դաշինքը ծախսել է 41.663.190 դրամ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ 30.062.895 դրամ:

Ամենաքիչը ծախսել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 9.487.188 և 9.302.952 դրամ համապատասխան:

Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերը քարոզարշավի վրա ծախսել են 861.501.642 դրամ:

Բոլոր քաղաքական ուժերի հիմնադրամների հաշիվների վրա քարոզարշավից հետո մնացել են գումարներ:

ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան 4 քաղաքական ուժ է անցել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

ԱԺ չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: