7 ապրիլի 2017 - 09:04 AMT
ԱՄՆ-ն 59 հրթիռ է արձակել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ

ԱՄՆ-ը 59 հատ թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց հղումով:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը Tomahawk տեսակի հրթիռները գործարկել է Միջերկրական ծովում գտնվող իր նավերից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ մեկնաբանել է գործողությունները. նա նշել է, որ այն պատժիչ գործողություն է՝ ի պատասխան Ասադի զորքերի կողմից մահաբեր քիմիական զենքի օգտագործման. «Հրթիռային հարվածներն իրականացրել են ԱՄՆ անվտանգության համար՝ կենսական նշանակություն ունեցող պատճառներից ելնելով»:

CNN-ի հաղորդմամբ, ռազմաբազայի տարածքում նաև ռուս զինվորականներ են եղել, թեև այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության և անվտանգության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է լիովին դադարեցնել բոլոր տեսակի շփումներն ԱՄՆ-ի հետ Սիրիային վերաբերող ռազմական հարցերի շուրջ, հաղորդում է Russian.rt.com-ը:

Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ն պահանջելու է անմիջապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:

Դեռևս մինչև ԱՄՆ հարվածները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ են սատարել ԱՄՆ հնարավոր ռազմական օպերացիան Սիրիայում, գրում է Ria.ru-ն:

Ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:

Photo: Reuters