8 ապրիլի 2017 - 11:35 AMT
«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կբացվի Փարիզում

«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և կազմակերպվում է ավելի քան 3 տարի։ Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։

Փարիզում ցուցադրությունը կազմակերպվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աջակցությամբ։ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը տեղեկացնում է, որ Փարիզում ներկայացնելուց հետո ցուցահանդեսը կտեղափոխվի նաև Լիոն, Մարսել։

2016-ի փետրվարին «Եղեռն՝ եղեռնից հետո»-ն ցուցադրվել է Եվրախորհրդարանում։ Այն 32 պաստառի միջոցով պատմում է Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների, եկեղեցիների վիճակի մասին՝ Ցեղասպանությունից առաջ և հետո` հանրությանը տեղեկացնելով մշակութային եղեռնի մասին, որն իրականացվել է թուրք ոճրագործների կողմից։

Շրջիկ ցուցահանդեսը ներկայացվել է նաև Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում։ «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագիրն արժանացել է «Հայկյան-2015» հատուկ մրցանակի։