8 ապրիլի 2017 - 15:51 AMT
Կիպրոսի խորհրդարանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանն ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն:

Նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը, դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ եթե հարյուր տարի է անցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական պետությունն էթնիկ զտում իրականացրեց հայերի դեմ, Թուրքիան շարունակում է ժխտել մեկ ու կես միլիոն հայերի սպանդը, հայտնում է Արցախպրեսը Cyprus News Agnecy-ի վրա հղումով:

Սիլուրիսը հիշեցրել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում հենց առաջինն էր, որ 1975 թվականին ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական ճշմարտության վերականգնում:

2015-ի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2015-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: «Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա: