Նյու Յորքում և այլ քաղաքներում հարյուրավոր ամերիկացիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի։
Մանհեթենում ցուցարարները հավաքվել էին Trump Tower երկնաքերի մոտ, որը պատկանում է նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Յունիոն-սքվերում, Daily News New York-ին հղումով գրում է Արցախպրեսը։
Մարդիկ վանկարկել են հակառազմական կարգախոսներ։ Նրանց ձեռքերին եղել են պաստառներ՝ հետևյալ գրություններով՝ «Հեռացրու՛ ձեռքերդ Սիրիայից», «Գումարներ՝ աշխատատեղերի, դպրոցների և առողջապահության համար, ոչ թե Սիրիայում պատերազմի»։
«ԱՄՆ-ի ներխուժումը երբեք խաղաղություն ու ժողովրդավարություն չի բերել այլ երկրներում»,-մեջբերում է պարբերականը ցուցարարներից մեկի խոսքը։
Մանհեթենի Յունիոն-սքվերում հանրահավաքն ավարտել է ոստիկանության հետ բախումներով ու մի քանի ցուցարարների ձերբակալությամբ։
Ապրիլի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմաբազային, որը գտնվում է նախագահ Բաշար Ասադի տիրապետության տակ: Թրամփը որպես հարվածի նպատակ է նշել համաշխարհային հանրության դեմ քիմիական զենքի օգտագործմամբ հարձակումների կանխարգելումը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն 6 տարվա ընթացքում՝ ամբողջ սիրիական հակամարտության ժամանակ, առաջին անգամ է հարձակվել պաշտոնական Դամասկոսի վրա: Թրամփը բոլոր «քաղաքակիրթ երկրներին» կոչ է արել միանալ ԱՄՆ-ին: