23 հոկտեմբերի 2007 - 17:53 AMT
Հայաստանն ու Հունաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել 2008 թվականի համար
Հայաստանի եւ Հունաստանի միջեւ նախատեսված է ռազմական համագործակցության ծրագիր 2008 թվականի համար, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը: «Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Դիմիտրիոս Գրապսասի Երեւան այցելության շրջանակներում մենք քննարկել ենք մեր համագործակցության ռազմական եւ ռազմա-տեխնիկական ուղղվածությունները»,- ասել է Օհանյանը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր համատեղ այցելությունից հետո:

Նրա խոսքերով, համագործակցության ծրագիրը նախատեսում է փոխգործակցություն կրթության, պաշտպանական բարեփոխումների եւ խաղաղապահ գործունեության բնագավառներում: Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը նշել է, որ նրա հույն գործընկերոջ հետ հանդիպմանը ընդհանուր համաձայնություններ են արձանագրվել:

Կողմերը նաեւ նշել են, որ 2007 թվականի համագործակցության ծրագիրը լիովին կատարված է: «Հուսով եմ, որ այս այցելությունը եւս կաջակցի երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Այս տարիների ընթացքում մեր զինված ուժերի եւ ժողովուրդների միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ են ստեղծվել»,- ընդգծել է Օհանյանը:

Իր հերթին, հույն գեներալ Դիմիտրիոս Գրապսասն ընդգծել է, որ Հունաստանի Զինված ուժերը միշտ կլինեն Հայաստանի կողքին, հավելելով, որ երկու ժողովուրդների միջեւ եղբայրական կապեր են:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Օհանյանին հրավերի եւ եղբայրական պետությունում լինելու հնարավարության համար, որի ժողովուրդը պաշտպանել է իր ազատությունը սեփական արյան գնով»,- ասել է Գրապսասը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: