23 հոկտեմբերի 2007 - 18:05 AMT
Ենթադրություններն այն մասին, որ Ահմադինեժադի մեկնումը կապված է Սերժ Սարգսյանի այցելության հետ ԱՄՆ, «մազոխիստական են եւ հիմար»
Երբեմն երկրում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ նախագահի ներկայությունը պարզապես անհրաժեշտ է, հնարավոր է, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելության օրակարգը հենց այդ պատճառով է փոխվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Նրա խոսքերով, ենթադրություններն այն մասին, որ Ահմադինեժադը մեկնել է Հայաստանից, քանի որ չէր ցանկանում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, տրամաբանությունից զուրկ են: «Երեկ ուսանողների հետ հանդիպմանը ԻԻՀ նախագահը հստակ ներկայացրել է իր տեսակետը այդ հարցով»,- նկատել է խոսնակը: Նույն հաջողությամբ, հայտարարել է նա, կարելի է ասել, որ Մահմուդ Ահմադինեժադը չի հարգում իսլամը, քանի որ շտապ մեկնման պատճառով չայցելեց Երեւանի Երկնագույն մզկիթը: «Մազոխիստական եւ հիմար է» համարում Թորոսյանը նաեւ լրագրողների այն ենթադրությունները, որ Իրանի նախագահի մեկնումը կապված է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի այցելության հետ ԱՄՆ:

Մեկնաբանելով հարցն այն մասին` արդյոք կայանալու է խոսնակի ծրագրված այցելությունն Իրան, նա հիշեցրել է, որ, լինելով Հայաստանում, Իրանի խորհրդարանի ղեկավարը նրան հրավիրել է այցելել Թեհրան մինչեւ այս տարվա վերջ, եւ հրավերն ընդունվել է, հաղորդում է Regnum-ը:

Նշենք, որ այսօր Հռոմում անցնում է Եվրամիության եւ Իրանի բանակցությունների նոր փուլը` միջուկային խնդրի շուրջ: Հանդիպումը հատկանշական է նրանով, որ իրանական պատվիրակությունը ղեկավարում է ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սաիդ Ջալիլին` նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտերիմ զինակիցը, ով այդ պաշտոնում փոխարինել է Ալի Լարիջանիին: Լարիջանին հրաժարական է տվել Հռոմ մեկնելուց մի քանի օր առաջ: Ջալիլիի նշանակմամբ մի շարք վերլուծաբաններ ենթադրում են Թեհրանի դիրքորշման խստացում միջուկային հարցով:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դադարեցրել է իր պաշտոնական այցելությունը Հայաստան եւ մեկնել է հայրենիք: Ոչ պաշտոնական աղբյուրները ծրագրի փոփոխության պատճառ են անվանում Իրանում ծագած անսպասելի հանգամանքները: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում էր այցելել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ապա Երեւանի Երկնագույն մզկիթ: Իրանի նախագահը նաեւ պետք է ելույթ ունենար ՀՀ Ազգային ժողովի առջեւ: «Այսօրվա ծրագիրը չեղյալ է հայտարարվել, իսկ Իրանի նախագահը մեկնել է Թեհրան»,- նշել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: