12 ապրիլի 2017 - 13:40 AMT
Ահմադինեժադը մտադիր է կրկին առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցման է ներկայացրել փաստաթղթերը որպես երկրի նախագահի թեկնածու:

Ահմադինեժադի այս քայլը դիտարկվում է որպես մարտահրավեր երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին, որը պնդում էր, որ նախկին նախագահը չմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Թեկնածուների գրանցումը սկսվել է ապրիլի 10-ին: Ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին:

Ահմադինեժադն Իրանի նախագահն էր 2005-2013թթ.: Նա պահպանողական և հակաամերիկյան քաղաքականություն էր վարում, կողմ էր կապերի ուժեղացմանը ՌԴ և արաբական երկրների հետ: Սկանդալային էին նրա հակաիսրայելյան արտահայտությունները: Նա ասում էր, թե պետք է «ջնջել սիոնիզմը երկրի երեսից», իսկ հոլոքոսթը միֆ էր անվանում:

Իրանի սահմանադրությամբ նախագահը չի կարող երեք անգամ անընդմեջ զբաղեցնել այդ պաշտոնը, բայց քանի որ 2013-ին նախագահ դարձավ Ռոուհանին, Ահմադինեժադը նախագահի պաշտոնի համար պայքարելու հնարավորություն ստացավ: