Մասնավոր ներդրողի միջոցներով 2017-ին Երևանի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզաառողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2.400.000 դոլար:
Կառուցման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի փետրվար ամսին, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
2017-ի դեկտեմբեր ամսին կավարտվեն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցվող լողավազանի և հարակից շինությունների շինարարական աշխատանքները, որոնց 70 %-ն իրականացվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Այս աշխատանքների համար կատարվել է 163.934 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում:
2017-ին սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Այս պահին հայտարարվել է մրցույթ` նախագծա-հաշվարկային աշխատանքների կազմման համար:
Երևանի Դավթաշեն համայնքում ավարտվել են Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճների կառուցման աշխատանքները, որոնց համար կատարվել է 4.123.711 ԱՄՆ դոլարի ներդրում: Այստեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը:
Ավարտվել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվող մենապայքարային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճի շինարարության աշխատանքները, որոնց համար 2017-ին կատարվել է 100.000 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում: