13 ապրիլի 2017 - 14:50 AMT
ՄԱԿ. Մոսուլի արևմտյան մասին լուրջ վնաս է հասցվել

Իրաքյան Մոսուլի արևմտյան թաղամասերին լուրջ վնաս է հասցվել «Իսլամական պետության» գրոհայիններից քաղաքի այդ հատվածի ազատագրման շարունակվող գործողության ընթացքում: Այդ մասին ասվում է ՄԱԿ բնակավայրերի ծրագրի զեկույցում:

Ըստ արբանյակային լուսանկարների, Մոսուլի արևմտյան մասը 2,5 անգամ ավելի է վնասված, քան քաղաքի արևելյան մասը: Ավելի քան 1140 շենք քանդված է:

«Վնասի աստիճանը Մոսուլի արևմուտքում շատ ավելին է, քան արևելքում, նույնիսկ հին քաղաքի համար ճակատամարտից առաջ»,-ասել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:

Նա հավելել է նաև, որ քաղաքի արևմտյան թաղամասերից ավելի քան 300.000 բնակիչ է հեռացել: «Եվս 100.000 կարող է հեռանալ առաջիկա օրերին և շաբաթներին»,-ասել է Գրանդեն:

Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: