26 հոկտեմբերի 2007 - 15:24 AMT
Հայաստանի նախագահը մասնակցել է Մեղրի-Կապան ավտոմայրուղու բացման արարողությանը
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Մեղրի-Կապան ավտոմայրուղու բացումը, որը կառուցվել է իրանական կողմի մասնակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղիանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Մեղրի-Կապան ավտոմայրուղին կլոր տարին կապահովի Հայաստանի ավտոմոբիլային հաղորդակցությունն Իրանի հետ: Ճանապարհի երկարությունը մոտ 80 կմ է: Նոր ավտոմայրուղին կապահովի մինչեւ 80 տ տարողությամբ տրանսպորտային միջոցների անցում: Ճանապարհի թեքությունը չի գերազանցում 8 աստիճանը, ծովի մակերեւույթից առավելագույն բարձրությունը 1980 մ է:

Իրանի հետ Հայաստանին կապում է միակ ավտճանապարհը, որն անցնում է ծովի մակերեսից 2563 մ բարձրություն ունեցող Մեղրիի լեռնանցքով, որով երթեւեկությունը ձմեռային ամիսներին լիովին կամ մասնակիորեն դադարեցվում էր: Հին ճանապարհը, որի հատվածներից շատերի թեքությունը գերզանցում է 12 աստիճանը, ենթադրում է 36 տ ոչ ավել տարողությամբ բեռնատարերի անցում: