26 հոկտեմբերի 2007 - 15:40 AMT
Ֆրանսիայի վարչապետը նշել է Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, «փայլուն» անվանելով դրանք
Ֆրանսիայում այցով գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ֆրանսիայի վարչապետը գոհունակությամբ է մատնանշել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները` դրանք հատկապես քաղաքական, մշակութային եւ տեղական ինքնակառավարման բնագավառներում փոխգործակցության առումով որակելով իբրեւ «փայլուն»: Նա նշել է նաեւ, որ մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները եւս մեծ վերելք են ապրում, սակայն դեռեւս զիջում են մյուս ոլորտներում հարաբերությունների մակարդակին: Նա նկատել է, որ ժամանակակից Ֆրանսիան հզոր տնտեսական հնարավորություններ ունեցող եւ նորարարությունների ոլորտում ակտիվ քաղաքականություն վարող երկիր է, եւ կարող է էական դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Երկու երկրների վարչապետները խոսել են նաեւ կովկասյան տարածաշրջանի կայունության հարցերի, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացների, Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հրավիրել է իր ֆրանսիացի գործընկերոջը այցելել Հայաստան, ինչը Ֆրանսուա Ֆիյոնի կողմից ընդունվել է շնորհակալությամբ եւ պատրաստակամությամբ: