26 հոկտեմբերի 2007 - 20:49 AMT
Բրայզաի հայտարարությունները Ղարաբաղի հարցով համաձայնագրի ստորագրման մասին ոչ մի իրական հիմքեր չունեն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզաի հայտարարությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով շրջանակային համաձայնագրի ստորգրման հնարավորության մասին իրական հիմքեր չունեն: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: «Որեւէ թուղթ կարող են ստորագրել, սակայն դա, ամենայն հավանականությամբ, կլինի հերթական մի փաստաթուղթ առանց որեւէ մեխանիզմների: Իրականության հետ դա ոչ մի կապ չունի»,- ասել է նա:

Նրա խոսքերով, առաջիկայում իրական առաջընթաց չի գրանցվի Ղարաբաղի կարգավորման մեջ: «Նախընտրական իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում աշխատում է հօգուտ հակամարտութան սառեցման, քանի որ այսօր կողմերի միջեւ փոխզիջումային ոչինչ չկա»,- գտնում է քաղաքագետը:

Մարկեդոնովը գտնում է, որ հայ եւ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Նրա խոսքերով, հասարակական հարցումները վկայում են, որ պատերազմի կողմնակիցները Ադրբեջանում «կտրուկ երիտասարդանում են»: «Նրանք չգիտեն իսկական պատերազմն ինչ է եւ գտնում են, որ կարելի է հեշտությամբ հաղթել: Քոչարյանը կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Սակայն նա չի ցանկանա հեռանալ որպես հայ ժողովրդի դավաճան, իսկ եթե նա ստորագրի շրջանների հանձնումը, նա կլինի այդ դրությունում»,- ընդգծել է Մարկեդոնովը:

Նա նաեւ հավելել է, որ Բրայզայի հայտարարությունը նախատեսված է հանրային կարծիք ձեւավորելու մասին եւ կոչված է ցուցադրելու, որ Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է, եւ «միջորդները զօրուգիշեր կարգավորման նոր սխեմա են մտածում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել մինչեւ 2008 թվականի գարուն: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահի երեւանյան հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռ. Քոչարյանը չի բացառել նման կարգի ջենթլմենական համաձայնագրի ստորագրումը: