27 հոկտեմբերի 2007 - 15:26 AMT
Բրայզայի հայտարարությունները կոչված են ցուցադրելու, որ ԵԱՀԿ ՄԽ դիվանագիտությունը դեռ ո՞ղջ է
Ադրբեջանն ու Հայաստանը առաջիկա հեռանկարում չեն կարողանա կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ մասին հայտարարել է Հետխորհրդային տարածքում հասարակա-քաղաքական գործընթացների ուսումնասիության ռուսական կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կարավաեւը:

«Առաջիկա երեքից հինգ տարիներին հնարավոր են որոշ առաջխաղացումներ Ղարաբաղը շրջապատող հինգ շրջանների հարցով, որոնք այսօր վերահսկվում են Հայաստանի կողմից, սակայն ոչ Ղարաբաղի հարցով: Ավելի հեշտ է լուծել կից շրջանների հարցը, իսկ Ղարաբաղի եւ եւս երկու շրջանների կարգավիճակը շատ դժվար է որոշել»,- ասել է Կարավաեւը, մեկնաբանելով Լեռնային Ղարավաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ մինչ մյուս տարվա գարուն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրաջանակային համաձայնագիր:

Ռուս փորձագետը չի բացառել, որ կողմերը կարող են հռչակագիր ստորագրել, որում Բաքուն եւ Երեւանը կարձանագրեն կարգավորման երկկողմանի ձգտման կետերը: «Նման համաձայնագիր նրանք կարող են ներկայացնել որպես հակամարտությունը կարգավորելու փորձի հերթական քայլ, սակայն նման փաստաթուղթը ոչ մի իմաստ չի ունենա»,- ասել է նա:

Կարավաեւի խոսքերով, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ առաջիկա ամիսներին կհաջողվի տեղից շարժել Ղարաբաղի կարգավորման գործընթացը: «Բրայզայի հայտարարությունները կոչված են նշելու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, ցուցադրելու, որ ՄԽ դիվանագիտությունը դեռ ողջ է, գործում է եւ որ այն չիրականացված հնարավորություններ ունի: Եթե առաջ նման հայտարարությունները աժիոտաժ էին առաջացնում, ապա այսօր հակամարտության կողմերը եւ քաղաքագետները դրան վերաբերվում են շատ հանգիստ»,- հայտարարել է ռուս փորձագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: