19 ապրիլի 2017 - 15:56 AMT
Պայթյուն Հալեպում. 6 զոհ կա, ավելի քան 30 վիրավոր

Հալեպում պայթյուն է որոտացել, որը 6 մարդու կյանք է խլել: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Սալահ ադ Դին թաղամասում, որը Հալեպի Հին քաղաքից դեպի արևմուտք է գտնվում: Թաղամասը Սիրիայի բանակն ազատագրել էր գրոհայիններից 2016-ի դեկտեմբերին, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ըստ վերջին տվյալների, վիրավորվել է 32 մարդ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Ավելի վաղ Հալեպի արվարձանում հարձակման էին ենթարկվել փախստականների ավտոբուսները, որոնք պետք է հանգրվանեին Հալեպում, որի հետևանքով 126 մարդ զոհվեց: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ահաբեկիչները գրոհել են ավտոբուսները ականապատ մեքենայի օգնությամբ: Ավտոբուսներում տարհանված գյուղերի շիա բնակիչներն էին, որոնք տարհանվել էին այսպես կոչված 4 քաղաքի մասին պայմանագրով, որը կնքել էին սիրիացի զինվորականներն ու զինյալ ընդդիմությունը: