30 հոկտեմբերի 2007 - 14:00 AMT
Բուլղարիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել փորձով եվրաինտեգրման ասպարեզում
Այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Խնդրելով իր ողջույնը փոխանցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին` նախագահ Պարվանովը բարձր գնահատական տվեց նոր որակ ստացած երկկողմ հարաբերություններին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումերի, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի ներքին վիճակը, խոսեց մայիսին խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի հարաբերակցության, նաեւ երկրի տնտեսական բարեփոխումների մասին: Գեորգի Պարվանովը իր երկրի պատրաստակամությունը հայտնեց փորձ փոխանակելու եվրոպական ինտեգրման ուղղությամբ:
Սոֆիայում` ՀՀ դեսպանության նոր շենքում, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանում ընթացող բարեփոխումները, խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին: Նախարարը ՀՀ Հատուկ անձնագրեր տվեց Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանին եւ նրա տիկնոջը: