30 հոկտեմբերի 2007 - 16:35 AMT
Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ հանդիսանում է մշակութային ցեղասպանություն
«Որքան անհավանական է սուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդիկ դրան կհավատան: Հենց այդ հայտնի միտքն է ծագում գլխում, երբ կարդում ես ադրբեջանական հերթական «ագիտացիոն» երկը` Նախիջեւանի պատմական հուշարձանների վերաբերյալ: Աշխատանքի տվյալ ոճը կարող է հասկացվել եւ բացատրվել, եթե հեղինակը մնար Ադրբեջանի տեղեկատվական դաշտի շրջանակներում, որի քարոզչական մեքենան իր քաղաքացիների «ուղեղների լվացման» կազմակերպման հնարավորություն ունի, նրանց ներշնչելով բացարձակ աբսուրդ եւ իրականությունից հեռու գաղափարներ եւ «փաստեր»,- «Արարատ» Ռազմավարագիտական կենտրոնում այսպես են PanARMENIAN.Net-ի թղթակցին մեկնաբանել Բաքվի պատմաբանների հայտարարությունն այն մասին, որ «Նախիջեւանում չկան հայկական պատմական հուշարձաններ»:

«Պարոն Սաֆրալին հավակնում է գիտնական կոչվել եւ փորձում է պատմության իր տեսությունը փաթաթել ոչ միայն ողջ աշխարհի վզին, այլեւ պատմաբանական հանրությանը, ինչը ոչ միայն ծիծաղելի եւ ցավալի է, այլեւ վրդովիչ է: Պատմությունը գիտություն է` իր մեթոդաբանությամբ եւ գիտական ապարատով: Ադրբեջանին Նախիջեւանի պատկանելիության «գիտական ապացույցների» փորձերը հանդիսանում են վիրավորական ոչ միայն հայերի, այլեւ պատմագիտության համար, ընդհանրապես: 20-րդ դարի քաղաքական պատմության համար լրիվ ակնհայտ են եւ լավ ուսումնասիրված պատճառները, որոնք հանգեցրել են Նախիջեւանի ընդգրկմանը Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Քաղաքակիրթ աշխարհում ոչ ոք եւ երբեք չի փորձել իրեն վերագրել իր տարածքում այս կամ այն պատճառով գտնվող ժողովորդի պատմությունն ու ժառանգությունը: Նման փորձերը աբսուրդային են: Օրինակ, անհնարին է պատկերացնել` Եգիպտոսի արաբները, ովքեր բարձր արաբական մշակույթի կրող են, հավակնեն եգիպտական բուրգերին կամ հերքեն դրանց գոյությունը: Այո, 20-րդ դարի մի շարք պատմական իրադարձությունների պատճառով, հայերը ի վիճակի չէին դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում եւ այլուր: Սակայն մենք դեռ կարող ենք ասել, որ նման քաղաքականությունը կարող է եւ պետք է գնահատվի` որպես մշակութային ցեղասպանություն:

Նախիջեւանի տարածքում մոտ 27, 000 հայկական պատմական հուշարձան էր գտնվում (եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր եւ այլն), որոնց մեծամասնությունը փաստագրված է: Նախիջեւանի հայկական հուշարձանները նկարագրված են բազմնաթիվ ռուսական հրատարակություններում` տպագրված 1839-1910 թթ: Իդեպ, տվյալ թեմայով կա հենց Բաքվում տպագրված նյութ` Սիսոեւի «Նախիջեւանի շրջան» աշխատանքը (1929 թվական): Խորհրդային տարիներին կազմված պետականորեն պաշտպանվող հուշարձանների ցուցակում ընդգրկված էին եւ Ագուլիսի Սուրբ Քրիստափոր եկեղեցին, եւ Աստապատի Կարմիր վանքը (Կզիլ վանք), եւ Կյուլուսի եկեղեցին, եւ բազմաթիվ ուրիշ, իբր գոյություն չունեցող հուշարձաններ:

Իսկ եթե Ադրբեջանի կառավարությունն ու ադրբեջանական ժողովուրդը չեն կարողանում իրենց կազմում գտնվող Նախիջեւանում հայտնաբերել հայկական պատմական հուշարձաններ, ապա այստեղ արդեն պետք է արձանագրել կայացած մշակութային ցեղասպանության փաստը, որի աղաղակող տարր է Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Մենք պետք է հայտարարենք, որ գործ ունենք պետական քաղաքականության հետ: Դրան պետք է հակազդի հայ պետականությունը` ի դեմս համապատասխան կառույցների: Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխան տալու է. պատմությունը հիշում է նման դեպքեր: Սակայն դա չի նշանակում, որ արդարությունն ու վրեժխնդրությունը ինքնաբերաբար են լինելու, առանց հայության եւ մեր պետության ակտիվ մասնակցության»,- ասվում է հաղորդագրության մեջ: