24 ապրիլի 2017 - 16:34 AMT
Վուսթերում 2 թուրք միացել է հայերին՝ հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ 2 թուրք է ելույթ ունեցել: Նրանցից մեկը մահմեդական է, մեկը՝ քրիստոնյա:

«Մենք պարտավոր ենք առերեսվել մեր պատմության հետ»,-ասել է լրագրող և գրող Բուրչին Գերչեկը Ստամբուլից: Նա Քլարկի համալսարանին կից Սթրասլերի անվան Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի ասպիրանտ է, գրում է Telegraph-ը:

«Անշուշտ, սպանվածների համար արդեն ուշ է արդարությունը վերականգնելը: Սակայն, առնվազն, Թուրքիայի ճանաչումը, պաշտոնական ներողությունը և որոշ քայլերը հայկական մշակութային ժառանգության հարցում կարող են դրական քայլեր լինել»,- ասել է նա:

«Թող աստված օրհնի բոլոր զոհերին, որոնք նույնիսկ շիրիմներ չունեն»,-ասել է 31-ամյա Էմրե Քան Դաղլիօղլուն, որը ուղղափառ քրիստոնյա է թուրքական Անթաքյայից, Սիրիայի հետ սահմանին է :

«Մենք պետք է ներողություն խնդրենք Օսմանյան կայսրությունում կատարվածի համար, և ոչ միայն 1915-ին, այլ նաև 19-րդ դարի վերջում: Այդ իմաստով ես փորձում եմ իմ պարտքը տալ հայերին»,-ասել է նա:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Photo. T&G staff/Eric Cinclair