1 նոյեմբերի 2007 - 18:41 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը համաձայն չէ այն հայտարարության հետ, թե «Հայաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում Ղարաբաղի հարցում»
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությանը, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում հնչեցրել էր երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հանրահավաքին հնչել է նաեւ իմ անունը, բայց ես սա անձնական մեղադրանք կամ քննադատություն չեմ ընդունում, բայց, համենայն դեպս, քննադատություն է վարված քաղաքականությանը: Ժամանակը կգա, եւ կարծում եմ, որ դա շուտով կլինի, կետ առ կետ այդ բոլորին կարելի է պատասխանել, որպեսզի ժողովուրդը կարողանա ավելի լավ հասկանալ եւ իր եզրակացությունները անել», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին` ընդդիմության հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը, նշելով նաեւ արտգործնախարար Օսկանյանի անունը, ասել էր. - «Հայաստանի իշխանությունները տասը տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ` իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է` ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը»: