2 նոյեմբերի 2007 - 13:46 AMT
Քոնդոլիզա Ռայս. ՔԱԿ-ը նաեւ ԱՄՆ-ի թշնամին է
ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խոստացել է պաշտոնական Անկարային արդյունավետ միջոցներ ձեռնարկել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-ի) դեմ: ՔԱԿ-ը նաեւ ԱՄՆ-ի թշնամին է: Սակայն մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է իրապես արդյունավետ միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Ռայսը Իռլանդիայի օդակայանում:

Նրա խոսքերով, արդյունավետ միջոցները ենթադրում են այնպիսի գործողություններ, որոնք կարող են շտկել իրավիճակը, սակայն ոչ վատթարացնել այն: «Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցը չպետք է այնպիսի գործողություններ ձեռնարկի, որոնք կարող են հանգեցնել ապակայունացման Հյուսիսային Իրաքում»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռայսը Անկարա է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հետ բանակցելու նպատակով: Ի դեպ, Էրդողանը հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիան նախկինում արդեն բազմիցս է սպառնացել ներխուժել Հյուսիսային Իրաք քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություն անցկացնելու համար: Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի կեսերին լիազորություններ է տվել Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու համար, որտեղ, ըստ զինվորականների տվյալների, կենտրոնացած են ՔԱԿ-ի շուրջ 3 հազար անջատողականներ: Ներկայումս Իրաքի եւ Թուրքիայի սահմանում տեղակայված է 100-հազարանոց բանակային խմբավորում: