Առաջիկայում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը և ծառայությունների որակի բարձրացմանը, հայտարարել է ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը:
Ապրիլի 27-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը:
«Չեմ կարող հստակ նշել, թե երբ կկնքվի համաձայնագիրը, սակայն հույս ունենք, որ դա կարվի հնարավորինս արագ: Համաձայնագրի ստորագրումը կբարձրացնի ոլորոտում մրցակցությունը, ինչն էլ իր հերթին պայմաններ կստեղծի աշխարագրական բազմազանության, ավիատոմսերի գների նվազման և ավիաընկերությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման համար», - ասել է Ավետիսյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:
Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ոլորտի ազատականացմանը միանգամից բոլոր եվրոպական ավիափոխադրողների համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանում ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի մշակմանը:
Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը, իր հերթին, նշել է, որ Եվրամիության և այլ երկրների միջև նմանատիպ համաձայնագրերի ստորագրումը զգալի արդյունքների է հանգեցրել և շահավետ է եղել կողմերի համար: «Արդյունքում ավիաշուկայում ավելի շատ խաղացողներ են հայտնվում, գրանցվում է ուղևորահոսքի աճ, գների նշանակալի նվազում: Դա նպաստում է երկրների միջև ավելի մեծ ինտեգրմանը և ոլորտի զարգացմանը»,-ասել է Գեյլը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ևս մեծ նշանակություն է տվել բանակցությունների մեկնարկին, որոնց շնորհիվ Հայաստանը մեծ ավիաընտանիքի մաս կդառնա: «Հուսով եմ, որ դա կհանգեցնի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Երկիրն ավելի հասանելի ուղղություն կդառնա, ինչը կբարձրացնի նրա գրավչությունը»,-ասել է Սվիտալսկին:
Համաձայնագրին միանալու արդյունքում, Հայաստանի և ԵՄ-ի 28 երկրների միջև կգործի ավելի ազատականացված ավիացիոն ռեժիմ: Դա նշանակում է եվրոպական ավիացիոն շուկայի հետ ինտեգրում, հայ գործարարների ելքը արտաքին շուկաներ։ Արևելյան համագործակցության անդամ-երկրներից համընդհանուր ավիացիոն տարածքին միացել են արդեն Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան:
Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները:
Ընթերցեք նաև. ՀՀ և ԵՄ-ն սկսել են բանակցել ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ