27 ապրիլի 2017 - 18:48 AMT
Տաքսիի վարորդները տուգանքների ներում են ակնկալում

Հայաստանում տաքսիի վարորդները տուգանքների ներում են ակնկալում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին ընդունել է տաքսիի մի խումբ վարորդների:

Նրանք ներկայացրել են մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող այն վարորդների պահանջները, որոնք մոտ երկու տարի լիցենզավորման վճարը չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։

Վարորդներն ակնկալում են, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով: Բացի այդ, նրանք առաջարկում են որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում:

Նախարար Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել: