28 ապրիլի 2017 - 10:04 AMT
Թրամփ. Հավանական է, որ վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք ԿԺԴՀ հետ

Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին:

70-ամյա ղեկավարը շեշտել է, սակայն, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:

«Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը:

Այնուհանդերձ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով ստեղծված լարվածությունը կնախընտրեր խաղաղ տարբերակով լուծել:

«Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել է Թրամփը:

ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: