2 նոյեմբերի 2007 - 18:25 AMT
Վրաց ընդդիմության բողոքի ցույցը կարող է դառնալ անժամկետ
Միացյալ ընդդիմութթյան կողմից կազմակերպված բողոքի ցույցը Վրաստանի խորհրդարանի մոտ կարող է անժամկետ դառնալ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության շտաբը: Ընդդիմության ղեկավարները իշխանություններին երկու ժամ են տալիս, որպեսզի որոշում ընդունեն եւ երկխոսության դիմեն: «Մինչ ժամը վեցը մենք սպասում ենք, որպեսզի իշխանությունները փոխեն իրենց մտադրությունը: Մենք ավելի քան հարյուր հազար մարդ ենք հանել փողոց. դա լավագույն ապացույցն է, որ ժողովուրդը համաձայն չէ իշխանությունների քաղաքականության հետ»,- հայտարարել է Միացյալ ընդդիմության առաջնորդներից Գիորգի Խաինդրավան: Ռուսթավելի պողոտայի գլխավոր հատվածը ամբողջությամբ մարդկանցով է լցված: Հանրահավաքին մասնակցողների ճգրիտ թվաքանակը անհնարին է նշել, անընդհատ մարդկանց նոր խմբեր են մոտենում, ընդդիմությունը հայտնում է, որ խոսքը տասնյակ հազարավոր ցուցարարների մասին է: Ընդդիմության գլխավոր պահանջը 2008 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների արտահերթ անցկացումն է:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն խորհրդակցում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ: Պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Գիվի Տարգամաձեի խոսքերով, եթե Վրաստանում նույնպիսի իրադրություն լիներ, ինչպես Ուկրաինայում, Միխայիլ Սահակաշվիլին նույնպիսի որոշում կկայացներ: «Նախագահը տեղյակ է, ինչն է ավելի լավ երկրի համար, եւ Վրաստանի նախագահի եւ ցույցի մասնակիցների կարծիքները տարբերվում են»,- հայտարարել է նա:

Իր հերթին, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն կոչ է արել երկրի իշխանություններին ընդդիմության հետ փոխզիջումների գնալ: «Փոխզիջումը պետք է գտնվի ամեն դեպքում: Միակ բանը, որ պետք է բացառվի, արյունահեղությունն է: Այդ պատճառով, նման դեպքում, կառավարությունը պետք է ավելի համբերատար եւ չճկուն գտնվի»,- ասել է Շեվարդնաձեն:

Էդուարդ Շեվարդնաձեն ստիպված էր հեռանալ նախագահի պաշտոնից 2003 թվականի «վարդերի հեղափոխության» արդյունքում: