28 ապրիլի 2017 - 14:13 AMT
Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը` ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

Երևանի պետական բժշկական համալասարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստանում գտնվող Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման է արժանացել:

Երևանի հիվանդանոցներ կատարած շրջայցի ընթացքում Դինա Մայրեդը քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներին ներկայացրել է այդ հիվանդության դեմ պայքարի սեփական փորձը։

«Քաղցկեղի դեմ պայքարի բանաձևերից մեկը ճիշտ մոտեցումն է, մեծ համբերությունը, անսահման սերը, որը մենք պետք է տանք հիվանդեներին։ Մայրեդն ինքը հաղթահարել է որդու հիվանդությունը և այսօր ասում է, որ դա իր ընտանիքի մի էջն է եղել»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` արքայադուստրը հիվանդանոցների մանկական բաժանմունքներում ոգևորել է ծնողներին, պատմել իր ապրումների ու անցած ճանապարհի մասին` վստահեցնելով, որ քաղցկեղը հնարավոր է հաղթահարել ու շրջել կյանքի այդ էջը։

«Գիտխորհրդի որոշմամբ` տիկին Մայրեդին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվում»,- ասել է Մուրադյանը։

Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նորընտիր նախագահն է։ Նրա այցը Հայաստան կնպաստի մեր երկրի ուռուցքաբանական կազմակերպությունների (Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկա և այլն) ներգրավմանը աշխարհի խոշորագույն քաղցկեղի միությանը, որն էլ իր հերթին կնպաստի մեր երկրում ուռուցքաբանության զարգացմանը:

Արքայադուստր Դինա Մայրեդը երկար տարիներ ղեկավարել է Հուսեին Թագավորի քաղցկեղի հիմնադրամը և մեծապես նպաստել է Հորդանանում ուռուցքաբանության զարգացմանը։