28 ապրիլի 2017 - 16:09 AMT
ԵԱՀԿ դիտարկում Տավուշում. Հրադադարը չի խախտվել

Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառվեն իրենց զեկույցներում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների վերանորոգման ծրագիր կիրականացվի:Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով և հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: