5 նոյեմբերի 2007 - 17:11 AMT
Թուրքերը փորձել են խանգարել Ուելսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի տեղադրմանը
Նոյեմբերի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Wales-ArmeniaSolidarity» ընկերությունում, խաչքարի վրա հայերեն, ուելսերեն եւ անգլերեն գրված է`«1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»: Խաչքարը տեղադրվել է Ուելսի Ազգային ասամբլեայի շենքի մոտ` հայ համայնքի ֆինանսական աջակցությամբ: Խաչքարի բացումը կատարեցին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վ. Գաբրիելյանը եւ Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասը, որից հետո ՄԹ-ում հայկական եկեղեցու առաջնորդ սրբազան Նաթան Հովհանիսյանի կողմից կատարվեց խաչքարի օծման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին մոտ 300 հայեր, ինչպես նաեւ Ուելսի խոհրդարանի, Ուելսի եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուելսը Մեծ Բրիտանիայի առաջին նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խաչքարը առայժմ միակ հուշարձանն է Մեծ Բրիտանիայում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին:

Նույն օրը Մեծ Բրիտանիայի տարբեր կողմերից հավաքվածշուրջ 100 թուրքեր Քարդիֆում բողոքի ցույց էին կազմակերպել` խաչքարի բացման դեմ: Ակցիայի որոշ մասնակիցներ լրագրողների տեսքով փորձել են անցնել այն տարածք, որտեղ ընթանում էր արարողությունը, սակայն կանգնեցվեցին ոստիկանության կողմից: