Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել է, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։
Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Չեմ կարող ասել՝ իմ անունն ինչպես է այնտեղ հայտնվել։ Ասել եմ և հիմա էլ կարող եմ կրկնել, որ ամսի 2-ից՝ ընտրությունների օրվանից, տանը հիվանդ պառկած եմ, ոտքս ցավում է, չեմ կարողանում քայլել։ Մինչև հիմա դուրս չեմ եկել»,- ասել է Ազիզյանը, գրում է Panorama.am-ը։
Նա հավաստիացրել է, որ ինքնաբացարկի դիմումը նույնիսկ չի էլ տեսել։
Հարցին՝ քննարկե՞լ է այս հարցը Գագիկ Ծառուկյանի հետ, Ազիզյանը բացասական պատասխան է տվել։
Նա հավելել է. «Պատրաստվում եմ բողոքարկել։ Եթե բողոքարկման ժամկետը մինչև այսօրվա 15։00-ն է, ապա մինչ այդ անպայման բողոքարկելու եմ»։
«Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը նույնպես տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ», - պարզաբանել է նա, գրում է Armtimes.com-ը: