4 մայիսի 2017 - 10:49 AMT
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի աշխատողները գործադուլ են անում

Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի մոտ 100 աշխատակից մայիսի 3-ից գործադուլ է հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:

«Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել», - ասել է գործադուլավորներից մեկը:

Բողոքով աշխատակիցները երթով հասել են 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց թույլ չեն տվել ներս մտնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում», - ասում էին նրանք:

Որոշ ժամանակ անց 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը անձամբ եկել է հանդիպելու աշխատակիցների հետ: Նորանշանակ հրամանատարը արգելել է նկարահանումը: Ապա լսել է հավաքվածներին ու ասել, որ խնդրից տեղյակ չի եղել, խոստացել է զբաղվել և աշխատակիցներին պարտք ունեցող ընկերության ղեկավարներին հրավիրել իր մոտ՝ խնդիրը քննարկելու:

Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկումն իրականացվում է ՌԴ-ից ֆինանսավորմամբ: